Հաստատել ԵՄ-ից ՀՀ-ին ֆինանսավորելու երկու համաձայնագրերը. Դրանցից մեկով ՀՀ-ին կհատկացվի 3 մլն եվրո

ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում 2024թ. փետրվարի 15-ին ու ապրիլի 16-ին ստորագրվել է «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիրը։ Այս փաստաթղթի  նպատակն է խթանել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ զուգահեռաբար աջակցելով ՀՀ կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ինտեգրման ուղղությամբ, մասնավորապես, առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման առումով:  Վաղը՝ հունիսի 20-ին, տեղի ունենալիք կառավարության նիստում ներառված չզեկուցվող հարցերից է սույն համաձայնագիրը հաստատելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը։ Նշենք, որ  գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. Բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։ Գործողության շրջանակներում նախատեսվում է Թվինինգ ծրագրերի իրականացում:


Գործողությունն ուղղված կլինի Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ նպատակ ունենալով աջակցել ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը: Հիմք ընդունելով առկա և ակնկալվող մարտահրավերները՝ այն ուղղված է բարեփոխումների կայունության և ԵՄ աջակցության որոշակիության ապահովմանը, մասնավորապես, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում: Գործողության համար հիմք է հանդիսանում ԵՄ տնտեսական և ներդրումային պլանը՝ որպես երկկողմ հարաբերություններում առանցքային բարեփոխումների խթանման և տնտեսության, էներգետիկ ու հաղորդակցության ուղիների կախվածության նվազեցման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր գործիք


Գործողության շրջանակներում նախատեսվում է.



1.   Հայաստանին տրամադրել թիրախավորված ոլորտային, միջոլորտային և հորիզոնական աջակցություն՝ միաժամանակ արձագանքելով նոր, չնախատեսված և արագ փոփոխվող կարիքներին,



2.   մեղմել տեղահանված բնակչության ինտեգրման արդյունքում Հայաստանի սոցիալական պաշտպանության կառույցներում հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները՝ ընթացիկ և նախատեսվող բարեփոխումներին աջակցելու միջոցով,


3.   օժանդակել սոցիալական աջակցության և զբաղվածության ոլորտում ընթացիկ բարեփոխումներին՝ հաշվի առնելով դիմակայուն սոցիալական պաշտպանության համակարգի առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի բնակչության մոտ 3%-ը կազմող ավելի քան 100,000 բռնի տեղահանվածների ժամանման հետևանքով առաջացած պահանջարկը,



4.   աջակցել առողջապահական բարեփոխումներին՝ հասցեագրելու անվճար առաջնային բուժօգնության հասանելիության պահանջները, ինչպես նաև Հայաստանի ողջ տարածքում առողջապահական հաստատությունների ընդլայնմանն ու կատարելագործմանը: Հաշվի առնելով առողջապահության ոլորտում ընթացիկ օրենսդրական բարեփոխումների համատեքստում համընդհանուր առողջության ապահովագրության ծրագրի ներդրման ուղղությամբ Կառավարության նախաձեռնությունը՝ գործիքի շրջանակներում  հնարավոր կլինի ուսումնասիրել և Հայաստանում ներդնել ԵՄ լավագույն փորձը,



5.   բարձրացնել ՀՀ կառավարության կարողություններն ընթացիկ բարեփոխումների գործընթացների և երկրի առանցքային ոլորտներում հետագա ներդրումների միջև սերտ փոխլրացման հնարավորությունները զարգացնելու միջոցով (այդ թվում՝ ԵՄ ՏՆՊ իրականացման համատեքստում), աջակցել սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ընդհանուր դիմակայունության  ամրապնդմանը:


Համաձայնագիրը ՀՀ-ի համար ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում: Համաձայնագիրը փոխկապված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հետ:

 


Կառավարության նիստի օրակարգում ներառված հաջորդ չզեկուցվող հարցը վերաբերում է   «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին։ Այս համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Կառավարության՝ փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու քաղաքականությանը՝ խթանելով նաև Հայաստանում ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացումը: 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։


Ծրագրի շրջանակներում նախատեսվում է (հատուկ նպատակներ), մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն: Աջակցությունը նպատակաուղղված կլինի օժանդակություն տրամադրելու Կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով: Գործողություններն ուղղված են լինելու փախստականների սկզբնական, այդ թվում՝ պարենային անվտանգության հետ կապված կարիքների հրատապ օգնության ցուցաբերմանը: